Սեփական թակարդում գերի ընկնելը շատ վատ է։ Տարիներով իմ ինքնությունը կառուցել եմ կյանքի անիմաստության ու դատարկության վրա ու հետո եկել ու բախվել եմ ինքս իմ ինքնության բացակայությանը։ Կամ ինքս իմ ինքնության դատարկությանը։ Բախվել եմ ու չեմ կարողանում այլևս հասկանալ, թե ով եմ ես։ Ընկերներս ինձ օտար են թվում, ընտանիքս ինձ օտար է թվում, օտար եմ թվում ես ինքս ինձ։ Ո՞վ էի ես ու ո՞վ եմ ես։ Ու՞մ համար պետք է ապրել, եթե ոչ ինքս ինձ համար։ Ժամանակի ընթացքում հասկացել եմ ընկերներիցս շատերին, հասկացել եմ ինչու են շատերը ինչ-որ քայլերի դիմել, հասկացել եմ ինձնից սառած ընկերներին, փորձել եմ հասկանալ նաև ինքս ինձ, երբ ուրիշներից եմ սառել։ Չեմ ուզում ամբողջական օտարացումը թափանցի իմ ներսը։ Բայց նաև տեսնում եմ, որ այն ինչ պատկերացնում եմ՝ շատ ավելի վատ պատկերացում է, քան իրականը։ Իրականում ամեն ինչ ինչ-որ կերպ անհասկանալի է։ Միտքս ըմբոստանում է ինձ։ Փորձում է հեշտ տարբերակներ գտնել ու փախչել այս գրառումները անելուց։ Գիտես, իհարկե, որովհետև դժվար է ընդունել իրականությունը։ Կամ ընդունել ինքս ինձ։