Ուզում եմ սիրել այն ամեն ինչը ինչ անում եմ։ Ուզում եմ ունենալ հիշողություն դրանց մասին։ Ուզում եմ կարևորեմ իմ կյանքը ու փորձեմ հիշել կարևոր բաները։ Ոչ միայն ցավեցնող բաները, այլ ուրախալի դեպքերը և ուրախալի իրավիճակները։ Շատ բան եմ ուզու՞մ։

Հիմա մտածում եմ, թե քանի գրառում եմ ուզում-ով սկսել։

Բայց նաև փորձում եմ չպայքարել մենակության դեմ։ Բայց նաև հասկանում եմ, որ այս տեմպերով կարող է լավ չվերջանա ամեն ինչ։ Փորձում եմ կապ պահել այն մարդկանց հետ, ում հետ կուզեի շփվեմ, բայց, երևի, մի 20%-ով է ստացվում։ Բայց դե քանի դեռ ստացվում է, որոշել եմ փորձեմ։ Ուզում եմ անտառում քայլեմ ու մտածեմ տարածության մասին։ Ուզում եմ գաջեթներիցս այդքան կախված չլինեմ։

Սիրտ եմ, խնդրում եմ սովորիր սիրել։ Երեկ մի կինո էի նայում «Ադ աստրա», որտեղ հոր ու տղայի հարաբերությունների մասին շատ դրվագներ կային։ Այդ հատվածները նայելիս հիշում էի ինձ ու իմ հոր հարաբերությունները։ Պապ, եթե նորից հնարավորություն ունենայիր ապրել էս կյանքը, կուզեի՞ր ամեն ինչ նենց լիներ, ոնց կա՞ր։ Կուզեիր ինձ ավելի շատ սիրե՞ս։ Կուզեիր ինձ տեսնել իրական։ Եթե կարողանայիր ինձ գրկել ու ասել, որ ինձ շատ ես սիրում, կանեի՞ր։ Կուզեիր լինել իմ հայրը նորից։ Թե կուզեիր լինես իմ որդին ու ես լինեի քո հայրը։ Ես կարող էի սիրել քեզ այնպես, ինչպես որ քո հայրը չի քեզ սիրել։ Եվ կփորձեի ներել քո մեղքերը, ինչպես որ քո հայրը չի ներել քոնը։ Կամ ինչպես որ ես չեմ կարողանում ներել քոնը։ Իմ սիրելի հայր, երբ մտածում եմ քո մասին, սիրտս սառույցով է լցվում։ Բայց ես ուզում եմ սիրտս ջերմությամբ լցվի։ Եվ ուզում եմ քեզ չտեսնեմ ինչպես ապրելու չարժանի մարդ։ Ես ուզում եմ, որ ապրես քո կյանքը, բայց նաև թողնես, որ ես ապրեմ իմ կյանքը։ Ես ուզում եմ, որ ես թողնեմ ապրել իմ կյանքը։ Փորձում եմ խոստանալ ինքս ինձ, որ չպետք է անտեսեմ քեզ իմ հիշողություններից։ Գոնե սկսեմ դրանից։