Երազում պապային էի տեսել։ Պապան մի սարք ուներ, որը թույլ էր տալիս, 220 Վոլտը փոխարկել հաստատուն ավելի ցածր հզորության հոսանքի։ Ինքն էր իր ձեռքով սարքել էդ սարքը։ Էդ սարքը ձեռքում էր ու ման էր գալիս սարքի լարերը, ինչ-որ այլումինի լարեր էին։ Ու պապան մամային ասում էր՝ ուր ես դրել էդ լարերը, ու ասում էր դա շատ նյարդայնացած ձևով, ինչպես որ միշտ էր ասում։ Ու մաման ասում էր՝ ես ինչ իմանա՞մ ես ձեռք չեմ տվել, ինչպես որ միշտ անում էր ու ինչպես որ միշտ ասում էր։ Ու պապան ման էր գալիս էդ լարերը կատաղած ու ես կողքից նայում էի։ Ու պապան գնում էր էդ լարերը ինչ-որ տոպրակի մեջ սիրուն դրած։ Ու մամային ասում ա՝ դու ես չէ՞ դրել։ Մաման, իմ կարծիքով հստակ ջոկելով, որ ինքն ա արել, հրաժարվում ա, ասում ա՝ չէ ես չեմ արել, քո դրածն ա։ Ես չեմ հասկանում, հիմա դա իրոք մաման էր դրել, թե պապան էր դրել՝ մոռացել, բայց մեղադրում էր մամային։

Ու երբ առավոտը վեր կացա, մտածում էի էս երազի մասին։ Մտածում էի, թե ինչքան նման եմ պապային՝ ես էլ տանել չեմ կարողանում որ իմ իրերը վերցնում են կամ ինչ-որ տեղ են դնում ու չեն հիշում որտեղ։ Ներվայինանում եմ, երբ որ մաման մանիպուլյատիվ ձևով հրաժարվում ա ինչ-որ խնդիր տեսնելուց, կամ ինչ-որ խոսակցության մեջ մտնելուց։ Ու կատաղում եմ՝ կատաղությունս չկարողանալով կառավարել։ Ու սիրում եմ էլեկտրական իրեր սարքել, սիրում եմ ինքնուրույն սովորել։ Չեմ կարողանում էմոցիաներս կառավարել ու սառն եմ։ Բայց լավ ա, որ ընտանիք չունեմ, որ տրավմատիզացնեմ։

Հետո ուզում եմ հիշեմ էն պահերը, որ պապայից սեր եմ զգացել։ Դրանք բոլորը ծածկված են կամ բռնության հիշողություններով կամ իրանից մերժված զգալու հիշողություններով։ Բայց մի տեսակ զգում եմ, որ ինչ-որ տեղ իր ներսում, ինքը ինձ սիրել ա, թեկուզ մի քիչ, թեկուզ մի կաթիլ։ Հիշում եմ, որ մի հատ հին կոմպ ունեինք, որը չէր միանում հեռուստացույցին ու ես իրան աղաչում էի, որ միացնի։ Ու մի օր տեսա, որ փորձում ա միացնել, էդ պահին երջանկությունից մեռնում էի։

Մերին անցյալ անգամ ասում էր, որ երևի անավարտ հարաբերություն ունեմ իմ ու իմ ներսի պապայի հետ։ Որ էդ հարաբերությունը պետք ա ավարտել կամ ապասառեցնել կամ չգիտեմ ինչ։ Շատ դժվար ա դա անելը, նաև նրա համար որ երբեք չեմ փորձել ու նաև չեմ տեսնում։

Ասում ա՝ պետք ա ասես էն ամեն ինչը ինչ կուզեիր ասես։ Եսիմ, ես երևի կուզեի ասում, որ կուզեի դու ինձ նկատեիր, նենց ոնց որ ես կամ, նկատեիր ու սիրեիր, չարհամարհեիր, խաղայիր իմ հետ, սովորացնեիր էն ամեն ինչը ինչ գիտես, այլ ոչ թե կյանքդ անցկացնեիր հեռուստացույցի մոտ, երբ երեխեքդ ատում են ինքն իրենց։ Կուզենայի զզվելի բաներ չանեիր, մատներդ չկրծեիր, ուտելիքը զզվելի ձեներով չուտեիր, մեր հետ նստեիր ու հաց ուտեիր, սիրեիր, գրկեիր, ասեիր, որ մեզ հետ ես։ Տունը չսարքեիր խոզանոց, դու էլ քեզ մաքուր պահեիր, զուգարանում չծխեիր, հետաքրքրվեիր իմ կյանքով ու գիտակցեիր, ոնց պետք ա երեխուդ պահես։ Կուզեի, որ լինեիր իմ մոտ։