Չեմ կարողանում հիշել, թե այսօր ինչ էի պատկերացնում մեդիտացիա անելիս։ Ինչ-որ բան էր ընկել մտքիս մեջ ու ուզում էի դրանով սկսել այսօրվա գրառումը։ Երեկ հոգնած էի շատ դրա համար ցանկություն չունեցա գրելու։ Հանդիպել էի մի նախկին գործընկերոջ, ում հետ խոսեցի ու ուրախացա, որ դեռ կարողանում եմ հաղորդակցվել։ Խնդիրը ոչ թե այն է, որ չեմ կարողանում հաղորդակցվել, այլ երևի այն, որ չեմ հավատում, որ կարողանում եմ։ Գուցե տարբեր բաներ են, բայց գուցե նաև ուղղակի նույն բանն է՝ տարբեր կերպ արտահայտված։
Երեկ Մերիի հետ խոսելիս իմ վիճակը պատկերացրեցի որպես ալեկոծվող օվկիանոսի կողքին կառուցված տուն, որտեղ ես պետք է անընդհատ պայքարեմ ալիքների դեմ և ամբողջ ռեսուրսներս կենտրոնացնեմ դրա մեջ, քանի որ այլ կերպ հնարավոր չի լինում։ Հարցը այն էր, թե ինչպես եմ ես իմ բացասական մտքերը տեսնում ու ինչպես եմ նույնանում այդ մտքերի հետ։ Որը շատ դժվար էր բացատրելը, դրա համար այդ օրինակը մտքիս եկավ։ Մտքերի հետ նույնանալը իմ դեպքում, այն է, երբ պատկերացնում եմ, թե ես ալեկոծվող օվկիանոսն եմ։ Նաև նշեցի, որ ալեկոծվող օվկիանոս լինելը իմ համար էթիկապես շատ սիրուն է, որը մի քիչ կարծես շփոթացնող էր։ Ալեկոծվող օվկիանոսը ամեն դեպքում շատ գեղեցիկ է։
Եթե վերադառնայի այն ժամանակները, երբ սեփական կայքը ստեղծելը արժեք էր իմ մեջ պարունակում, կամ ավելի ճիշտ, երբ դա իմաստալից էր թվում, կարելի էր «օվկիանոս» էջը խմբագրել ու մեջը ինչ-որ մի նոր բան անել։ Բայց այդ ժամանակները կարծես անցել են, ինչպես որ անցել է իմ հետաքրքրությունների բարձր մակարդակը։ Հիմա հազիվ եմ կարողանում մի քանի բան անել և անել ավելի պարբերական։
Իրավաբանական խնդիրներիս մասին կարծես չեմ նշել։ Բայց այդ խնդիրները ինձ խանգարում են։ Այսօր կարծես, մի փոքր լույսի շող երևաց այդ հիմար խնդիրների լուծման ճանապարհին։ Կփորձեմ հուսով մնամ։ Այդ օրը կգա, բայց չգիտեմ երբ։