Հավաքում եմ ուժերս ու գրում եմ։ Այսօր նոր օր է։ Երեկ Մարիամից վերցրեցի Փինք Փենի գիրքը, որտեղ նաև իմ պատմվածքը կար։ Սիրտս ճզմվեց, որովհետև շատ հուզիչ է։ Այն, որ կարողացել եմ արտահայտել իմ ներսի տառապանքը, իսկ հիմա չեմ կարողանում նույնիսկ կենտրոնանալ ու մի պարբերություն բան գրել, այն դեպքում, երբ ինձ համար գրելը շատ կարևոր է եղել։ Ո՞ւր է կորել տեսնես։ Ո՞ր տրավմայի հետ է անհետացել իմ գրելու ցանկությունը։ Ո՞վ է ցավացրել ինձ, որ գրելը դարձել է ինչ-որ մի անհասանելի բան, երբ այդքան էլ դժվար չի ստացվել նախկինում։

Արմենին գրեցի, շնորհակալություն ասեցի խմբագրելու համար։ Մի կողմից ինձ համար շատ կարևոր է, բայց մյուս կողմից շատ ցավացնող է։ Շատ հուզիչ է ու լաց եմ լինում հիմա։ Չգիտեմ ինչ եմ զգում, բայց զգում եմ ինչ-որ կարևոր բան, որ կորցրել եմ։ Ուզում եմ գտնել այն ինչ կորցրել եմ, գուցե չգտնել, բայց վերագտնել։ Բայց չգիտեմ ինչպես։