Անընդհատ շեղվում եմ, բայց ուզում եմ գրել, որ լավ եմ։ Այսօր սովորականից ավելի ցրված եմ, բայց երևի պետք է կենտրոնանամ ավելի։ Ու չթողնեմ միտքս խուսափի։ Մտածում եմ գնալ սեքս թերապիստի մոտ։ Մի կողմից թանկ է, մյուս կողմից ամաչում եմ։ Բայց երևի խիզախություն հավաքեմ։
Չգիտեմ ինչ անեմ, որովհետև մեկ-մեկ ինձ թվում է, որ ես փակված եմ ու անհուսության մեջ եմ։ Բայց մյուս կողմից մտածում եմ, որ ժամանակավոր է։
Ճիշտ է, երբ գրելու բան չունեմ, կամ խուսափում եմ, պետք է նկարագրեմ շրջապատս։
Պառկած եմ մահճակալիս։ Սենյակը կիսամութ է։ Աշնան սկիզբ է, օրերը կարճանում են, իսկ սենյակը ավելի ցրտել է։ Սենյակի միակ լույսը սեղանին վառվող աշխատանքային լամպն է, որը պահում եմ նոր աճող կակտուսների վրա, որ չմեռնեն։ Եվ նրանք աճում են դանդաղ-դանդաղ, արդեն մի մասի տերևների արանքից փշեր են երևում։ Կամաց-կամաց կակտուսի են նմանվում։
Սենյակում երեք նոր ծաղիկ ունեմ, շատ եմ սիրում նրանց։
Ամեն դեպքում ելք կա, գուցե ոչ հիմա կամ գուցե ոչ այսօր։ Բայց նաև տխրությունը մերժման նման է։ Արայիկին եմ հիշում։ Մտածում եմ տելեգրամում գրեմ։ Մտածում եմ պերաշկի սարքեմ։ Այս ինչ երգ է։ Պետք է փոխել։ Վայ հեռախոսս կողքս է։ Սրանից հետո ինձ ստիպեմ կալիգրաֆիա անեմ։ Էն Գնելն ինչ էր ուզում, որ զանգել անհանգստացնում էր։ Դեռ պետք է տան դռան վրայի անունները փոխեմ։ Պադվալինն էր։ Տանտիրոջ կազմակերպության մարդը ինչ հանգիստ էր։ Վաղը Մերիին ասեմ, որ սրանք գրել եմ։ Մեկ-մեկ չեմ դիմանում մտքերի քանակից։ Պտտվում են, պտտվում են, Սլաքը նոր փակեցի, որովհետև գործի տեղը չեմ ուզում հիշել։ Էն տղեն ինչի հիմա նամակ գրեց ու կարդացի։ Արեգին եմ հիշում, դեռ չեմ պատասխանել գրածին, իսկ անցել է երևի վեց ամիս։ Գարիկը ու՞ր է տենաս։