Այս վարդագույն լույսերի մեջ ուզում եմ ամփոփեմ օրը։ Երբ անտառներում ու կանաչի մեջ եմ լինում հոգիս խաղաղվում է։ 10-րդ կանոնը գոյության դադար առնելն է։ Աշխատելուց հետո պետք է դադար առնել։ Աշխատելու ընթացքում պետք է դադար առնել։

Քունս տանում է, բայց ուզում եմ ֆիզիկական հոգնածության միջով գտնեմ իմ հոգեկան հանգստությունը։ Փոխաբերություններով խոսելու ժամանակը արդեն վերջացել է։ Ձեռքերս սահում են ստեղնաշարի վրա, իսկ միտքս՝ ոչ։ Թեքված լամպը չի ուղղվում։

Ես ու ընկերս գնում էինք Գերմանիայում հայտնի մի տեղ, որտեղ միջնադարյան ամրոց կար։ Նստում էինք գնացք, բայց իջնում էինք մի քիչ ավելի շուտ։ Իսկ այդտեղ մեծ լիճ էր, որը սակայն շատ խորը չէր՝ ընդամենը մի քանի սանտիմետր։ Լիճը թրջում էր մեր ոտքերը։ Լճից մի քիչ վեր բնության ինչ-որ հուշարձան էր, թաքնված, հայտնի ու չքնաղ։ Այն լի էր անտառներով ու ջրվեժներով։ Բայց մենք որոշում ենք չգնալ այդ անտառը, որովհետև այնտեղ հասնելու ճամփան չենք հասկանում։ Իսկ երազը դեռ շարունակվում է, բայց իմ հիշողությունն այստեղ ավարտվում է։

Երազը հիշում եմ Բեռլինի բուսաբանական այգում, երբ խոսում ենք մի ուրիշ այգում առկա ճոպանուղուց։