Տասից ավելի օր է անցել վերջին գրառումիցս։ Միտքս մշուշոտ է, բայց հիշում եմ, որ ինձ շատ բան էի խոստացել, որ անեմ «երբ հետ գամ»։ Հիմա հետ եմ եկել ու վախենում եմ հիասթափեցնեմ ինքս ինձ։ Բայց նաև ուզում եմ նուրբ վարվել ինքս ինձ հետ, նուրբ ու սիրով. շատ չստիպել, շատ չմեղադրել։ Սիրել, սիրել, սիրել։

Ինքս ինձնից նաև ամաչում եմ, որը շատ խնդալու է։ Նոր մտածում էի, որ այստեղ գրեմ, որ կարողացա մի քանի օրում վրացերեն կարդալ սովորեմ, հետո մտածեցի, որ անիմաստ բան է։ Բայց իրոք հպարտանում եմ, որ կարողանում եմ արագ սովորել, գուցե ձախողում եմ մարդկային հարաբերությունները, բայց չեմ ձախողում տառերի մասին սովորելը։

Հետո ինքնաթիռում մտածեցի, որ գուցե այն ինչ փնտրում եմ գրային համակարգերի հետազոտությունն է ու աչքերիս արցունքներ հայտնվեցին. ինչ-որ չլսված զգացողություն էր, որ վերջերս չէի ունեցել։ Փորձեցի որոնել ինչ կարող եմ անել ու ինձ հաճույք պատճառեց։ Գուցե պետք է էլի փորձեմ, բայց նուրբ։ Միակ բանը որ որոշել եմ՝ կամաց հրաժեշտ տամ էս սոցիալական ցանցերից, որոնք այլևս սոցիալական չեն ինձ համար, բայց սպառում են ամբողջ ուշադրությունս ու խորացնում դեպրեսիաս։ Ինչպե՞ս եմ անելու. դեռ լավ չեմ պատկերացնում։

Մտածում եմ ուշադրության կորստի մասին։ Մտածում եմ այս աշխարհի մասին, որ փոխվել է ու դարձել ավելի հուսահատ։ Այն ժամանակ ավելի հստակ էի կարողանում հասկանալ, թե ինչի համար եմ ապրում։ Այսօր ամեն ինչ ավելի է բարդացել։ Մենակությունս խորանում է, բայց սիրտս օր օրի ավելի է ջերմանում։ Ես ուրախանում եմ նրանից, թե ինչպիսի մարդ եմ դառնում։

Սիրտ իմ հանդարտվիր։