Այսօրվա մասին մտածելուց, մտածում եմ այն բաների մասին, որոնք չեմ անում կամ որոնք չեմ հասցնում անել։

Հիմա ինքնաթիռում եմ դեպի Լոնդոն ու ճանապարհին մտածում եմ, թե ինչն է իմ նպատակը։ Մարդիկ ինչ-որ բանով զբաղվում են ու շարունակում զբաղվել ամեն օր։ Ես չեմ կարողանում ինչ-որ բանով անընդհատ զբաղվել, հետաքրքրություններս անընդհատ փոխվում են ու ամեն ինչ անընդհատ զրոյից եմ սկսում։ Հիմա գրելուց սիրտս մի փոքր խառնում է։ Բայց նաև ուզում եմ սրա մասին գրել։

Ամեն անգամ ինքնաթիռում թռչելիս կարդում եմ Յունգի Կարմիր գրքից մի հատված ու նեղվում եմ, որ ամբողջը կարդալ չեմ կարողանում։ Նպատակ եմ դնում միշտ մի քիչ կարդալ, բայց չեմ անում։ Չեմ կարողանում նաև զբաղվել մյուս բաներով։ Ինձ թվում է, որովհետև միտքս միշտ ուրիշ տեղում է։ Ո՞ւր է իմ միտքը հարցնում եմ։ Իմ միտքը մտածում է միայն մյուսի գոյության մասին ու մյուսի հետ ապրելու մասին։ Կշտկվի՞ միտքս, եթե մեկ ուրիշը լինի. չգիտեմ։ Բայց, երևի թե, ոչ թե ավելի շատ դրանից եմ վախենում, այլ վախենում եմ, որ մի օր, երբ դա լինի, ես նորից երազեմ վերադառնալ իմ այս վիճակին։

Ո՞ւր ես դու կամ ավելի շատ, ո՞ւր պիտի փնտրեմ քեզ։

Երբ մտածում եմ սիրո մասին, մտածում եմ ոչնչի մասին։ Ես մտածում եմ մարմնի հպումների մասին, գրկախառնության, ինչ-որ մեկի գոյության մասին, որը կողքս է։ Մտածում եմ ապահովության մասին ու ամեն ինչ միայնակ անելու ծանրաբեռնվածության մասին։ Մտածում եմ թուլանալու, ամեն ինչից մի պահ դադար առնելու ու բոլոր պատնեշները վայր դնելու մասին։

Մտածում եմ հոգատարության մասին ու վստահության մասինս։ Մտածում եմ չպաշտպանվելու ու անկեղծության մասին։ Մտածում եմ կապանքները թողնելու մարմինը ու միտքը ազատականացնելու մասին։ Մտածում եմ արցունքների մասին, տրավմաների, անհնարինության ու ապագայու ու անցյալի խառնվելու մասին։

Մտածում եմ մարդկանց մասին, որ շարքով նստած են ինքնաթիռով. ամեն մեկը մի դժբախտություն ունի կամ ամեն մեկը մի երջանկություն։ Մտածում եմ Լեռնապատի ճանապարհի մասին, որտեղ փոքր ժամանակ խաղում էի, մտածում եմ տատիս հետ քախան անելու մասին։ Երեխա լինելու ու երեխա մնալու մասին։

Երևի թե տասը րոպեից մեզ կասեն ամրագոտիները կապել, որովհետև վայրէջքը շուտով սկսելու է։

Հոգիս պարզ է արևի պես։