Կարծիքների տարաձայնության ժամանակ դժվարանում եմ ներսի խաղաղությունս պահպանեմ։ Բայց նաև փորձում եմ արտաքինից խաղաղ լինեմ, որը ստացվում է։ Զզվում եմ էթնիկ պիտակներից։

Փորձում եմ ընդունել շատ բաներ։ Ես չեմ կարող սիրել այլևս այնպես ինչպես սիրել եմ։ Ես չեմ կարող նաև ստանալ այնպիսի սեր ինչպես ցանկանում եմ։ Ես չեմ կարող դառնալ ուրիշների պես։ Կարող եմ նրանց լավ հատկանիշները սովորել ու կրկնօրինակել, բայց երբեք չեմ կարող դառնալ ուրիշ մեկը։ Ես ես եմ։ Ես տղամարդ եմ։ Ես գեյ եմ։ Բայց տղամարդ լինել չի նշանակում լինել բռնարար, ու գեյ լինել չի նշանակում լինել ամենօրյա ակտիվ սեռական կյանքով ապրել։ Ես գուցե դժվարանում եմ մարդկանց հետ հարաբերություններում, բայց դա նաև իմ առավելությունն է։ Ես մարդկանց չեմ վիրավորում, չեմ վնասում և ապրումակցում եմ։ Ես չեմ պահանջում բաներ, որոնք չկան։ Սպասելիքների առումով շատ բան չեմ ուզում։ Հարաբերություններում, չնայած, շատ բան չուզելը հաճախ ընկալվում է որպես շատ բան ուզել։ Նաև իմ կողմից։

Երբ մեդիտացիա եմ անում, պատկերացնում եմ բաներ, որոնց մասին կարելի է գրել։ Դեռ պարզ հիշում եմ, որ հարցրեցի՝ ցույց տուր ինձ ճանապարհը, ու պատասխանը եղավ՝ ձուկը լողում է ջրում։ Ինչու՞։ Որովհետև ձուկը լողում է ջրում։

Այն օրերին, երբ չեմ աշխատում, շատ երջանիկ եմ զգում։ Աշխատանքի սթրեսը կրծում է մարմինս։ Մարմինս ապստամբում է ստիպողական աշխատանք կատարելու դեմ։ Բայց շատ բան անել չեմ կարող։ Պետք է խոսեմ ու բացատրեմ։