Աչքերս փակում եմ ու խորը շնչում եմ։ Պետք է կենտրոնանալ ու մտածել։ Պետք է վերադառնալ իրականություն։ Արևի շողը ընկնում է լամպի վրա։ Լամպի գույնը երեկ կանաչ էր։ Պատուհանները մաքուր են ու պատուհաններից դուրս երկինքն ավելի կապույտ է թվում։ Լուսավոր է։
Սենյակը շատ սիրուն է, դեղին, ճառագայթող։ Ուզում եմ սենյակն արտացոլի իմ ներսը։ Ուզում եմ ներսս ճառագայթի։ Ուզում եմ ներսումս լույս լինի։ Այն խավար օրերին և այն լուսավոր օրերին։ Միշտ ուզում եմ ներսս ճառագայթի ու ողջունի մարդկանց։
Վաղը չէ մյուս օրը նորից աշխատանքի եմ։ Նորից կամաց-կամաց հոգնելու եմ, հետո սթրեսվեմ, հետո ուժասպառ լինեմ, դեպրեսվեմ և խավար օրերի միջով թափառեմ։ Ու շրջանը կրկնվելու է, կյանքը կրկնվելու է՝ մինչև մահանամ։ Ինձ թվում է, թե մյուս սպասվող գործերի նման՝ կուզենայի հենց հիմա մահը կատարվեր, եթե կատարվելու է։
Ուզում եմ թարմ օդը հարվածի դեմքիս։ Թարմ օդը լցնի սենյակն ու մենակությունս։ Ցերեկային հանդարտության մեջ գտնեմ իմաստության բանալին։ Լամպը մի փոքր թեք է, իսկ լույսը ավելի է ընդարձակվում լամպի վրա։
Հիշում եմ, մի տեղ կարդացել եմ, որ եթե ուզում ես բանաստեղծություն գրել, պետք է կենտրոնանաս մի զգացմունքի վրա, այլ ոչ թե փորձես ամեն մի զգացմունք արտահայտես մեկ հատիկ բանաստեղծության մեջ։ Դրա մասին էի մտածում օրագիրը գրելիս, մտածում էի՝ ինչի՞ մասին պետք է մտածեմ ու ի՞նչ զգացմունք պետք է ընտրեմ իմ օրագրի գրառման համար։
Նորից հիշում եմ, որ նախկին օրագրիս գրառումները շատ եմ կարևորում։ Կուզեի նորից կարդամ, հասկանամ, թե ինչն է պակասում ինձ։ Պատահական մի օր ընտրեմ։ Մի քանի գրառում կարդացի ու ինձ թվաց՝ դեռ նույն մարդն եմ։ Ի՞նչ է անհրաժեշտ չլինելու այն ինչ եղել եմ։ Ի՞նչ է անհրաժեշտ չկրկնելու սխալները, որոնք արդեն արել եմ։
Լույսը երկարում է լամպի վրա։ Օրը կամաց ընթանում է։ Ներս իմ, դու էլ լույս ճառագիր և կամաց ընթացիր։