Ես այս կյանքը այդքան էլ հարմար չեմ համարում։ Երբ Մարիամի կողքը նստած եմ, մեկ-մեկ խառնում եմ, թե որտեղ եմ։ Գերմանիայում եմ, կյանքը խաղաղ է։ Բայց կապը բացակայում է։ Բառեր կան, որ հայերենում արդեն չեմ պատկերացնում։ Օրինակ` connection։ Կապ թարգմանելը մի տեսակ տարօրինակ է։ Գուցե կապվածություն։ Խորը կապվածություն։

Ես ինձ կարող եմ սիրել միայն ուրիշի մարմնի միջոցով։ Սա պնդում է կամ հարց։ Ուրիշի մարմնի միջոցով սերը ուրիշի հանդեպ սեր է։ Մարդիկ կապվում են ու բաժանվում։ Մարդիկ բախվում են իրար, հետո բախումը թուլանում է։ Մարդիկ դառնում են մեկուսացված մոլորակներ, որոշները ինչ-որ մեկի հետ։ Շատերը չեն ընդունում, որ մենակ են։ Շատերը չեն խորանում։ Հոսքը հեռանում է։ Մոլորակները բախվում են իրար, արևները մեռնում են։ Մարմինները նեխում են գերեզմանատներում։

Կարողությունը չափ է։ Տիեզերական միացմանը սպասելը անիրական։ Այս գիտակցումը ինձ շատ է տխրեցնում։ Աղվեսը պատի վրա է։ Ալերգիայիս սեզոնը սկսում է։ Պատերը բացակայում են։ Ես կարող եմ հիմա գրել ինչ ուզում եմ, որովհետև ձևը կորել է։ Կորել է ինչ-որ մեկը ում համար կարող է այլևս գրել։ Երևի հենց այդ ժամանակ է սիրտը ջրի երես դուրս գալիս։ Անգղները ուտում են լեշը։ Մարմինները մեռնում են գերեզմանատներում։ Միայն մի քանի մարմին, որոնք միայն ֆիլմերում եմ տեսել մատուցվում են անգղներին։

Ոչ մի ցավագին բան։ Ոչ մի ափսոսանք։ Այս կյանքը այն է, ինչ ես ցանկացել եմ։ Այս կյանքը այն է, ինչ ես ցանկանում եմ։ Մեդիտացիայի ժամանակ կրկնում եմ, թե սիրում եմ ինձ, որ ամրապնդեմ սերը։ Բայց արդյոք այդպես է սերը ամրապնդվում։ Արդյոք սերը պերաշկի է։

Պերաշկի սարքելու համար խմորի բաղադրությունը հետևյալն է։ 1կգ ալյուր, 1 ձու, 2 թգ թթխմոր (2 փոքրիկ տուփ գերմանական), 2 թգ աղ, 2 թգ շաքարավազ, 1 լ չափ գոլ ջուր։ Խառնում ես ու թողնում մոտ մի ժամ, արանքում կարող ես խմորը վրա բերել։

Գուցե մարդկանցից օտարացումն է բերում կապվածության զգացմանը։