Հայաստան գնալուս առաջին օրն է էսօր։ Էսօր ժամը 8-ի թռիչքս է։ Մինչև թռիչքս մնացել է մի քանի բան անեմ։ Առաջինը՝ պետք է գնամ խանութ, մի քանի բան առնեմ ճանապարհի համար, և երկրորդը՝ պետք է հաց ուտեմ, ամանները լվանամ ու լողանամ։
Ու պատրաստ կլինեմ Հայաստան իմ հրաշալի այցի համար։
Մի քիչ, ճիշտն ասած, անհանգիստ եմ ու մտածում եմ՝ ինչ լավ կլինի, որ մարդիկ ներվերս չուտեն ու տեսքիս մասին բաներ չասեն։ Ինձ թվում է՝ ամենաշատը դրանից եմ նեղվում, որ պատկերացնում եմ, որ ախպորս եմ տեսնելու, հետո պապային եմ տեսնելու, հետո քրոջս եմ տեսնելու, ու ամեն մեկը տեսքիս մասին ինչ-որ բաներ են ասելու, որ չեմ ուզում լսեմ։
Կուզեմ լսեմ, որ ավելի սիրուն եմ դարձել։ Կուզեմ լսեմ, որ ես նենց եմ, ոնց որ կամ, ու ոնց կամ՝ նենց շատ լավն եմ։
Ու կուզեմ, որ մաման իրա կյանքում գոնե մի անգամ իրա ներսի էդ նյարդային լարվածությունը թողնի իմ հետ խոսելիս, որը, իհարկե, հնարավոր չի (կամ հնարավոր է, չգիտեմ), բայց կամ էլ դա իմ ներսի ընդհանուր լարվածությունն է։
Ամեն դեպքում, հիմա էլի կուզեմ մի պահ աչքերս փակեմ ու մտածեմ։ Ճակատիս եմ ձեռք տալիս, որովհետև ոնց որ թազա ինչ-որ պզուկ է աճում։ Լավ չի, ամեն դեպքում։ Հիմա ուզում եմ աչքերս փակեմ ու մտածեմ Հայաստանի մասին, Հայաստան այցի մասին, ու հետո փորձեմ տեսնեմ՝ ի՞նչ պատկերներ են գալիս Հայաստան այցի մասին, ու դրա միջոցով փորձեմ խոսեմ էդ պատկերների հետ։
Փակում եմ աչքերս, բայց վիդեոն դեռ միացրած եմ թողնում։
Մտածում եմ Հայաստան գնալու անհարմարության մասին, էն անհարմարության, որ ճնշում է ինձ ամեն անգամ, երբ Հայաստանում եմ լինում։ Ու էդ ճնշումը ինչ-որ մարդկանց հայացքների մասին է, ինչ-որ լիքը տարբեր մարդկանց հայացքների մասին է, որ մեկ ինձ են նայում ու մեկ ինձ չեն նայում։ Տենց ոնց որ մի հայացքով նայեն դեպի ինձ, էս մի հայացքով չնայեն դեպի ինձ։ Էդ տեսնված ու միաժամանակ չտեսնված լինելու զգացման մասին է։
Ու էդ մարդիկ ինչ-որ խմբով լցված են ինչ-որ տեղ, ոնց որ վայենկոմատի կամ ինչ-որ պետական կառույցի մի մեծ սենյակում։ Ընդեղ կամ աշխատողներ կան, կամ չկան։ Ու էդ մարդիկ հիմնականում տղամարդիկ են։
Ու ես իրանց հարցնում եմ.
— Ո՞վ եք դուք, որ իմ ներսում եք։
Ու իրանք պատասխանում են.
— Մենք քո արտացոլանքն ենք։ Մենք նրանք ենք, որ գալիս ենք ու գնում ենք, որ ճանապարհների կեսից կարողանում ենք շեղվել, բայց և չենք դադարում մեր քայլքը։ Մենք նրանք ենք, որոնց դու երկրպագում ես, որոնց դու չես կարողանում հասնել։ Մենք նրանք ենք, որոնք հպարտ ենք և անսասան, և զինվորների նման պաշտպանում ենք այս տարածությունը՝ քո հետ, քո ներսում, քո համար։
Բայց և ընդդիմանում ենք քո ամեն մի քայլին, և ընդդիմանում ենք քո ամեն մի կարողությանը՝ քո հետ, քո համար, քո ուժով։
Բայց և անսահման սիրում ենք քեզ, — ասում են նրանք։
— Անսահման սիրում ենք քեզ, և դրա համար պաշտպանում ենք քեզ՝ քո հետ, քո համար, քո կարողությամբ և ճանապարհի մեջ, — ասում են նրանք։
Դու չպետք է թողնես քո հետքերը, ինչպես Հենզելն ու Գրետելը։ Քեզ շարունակես ճամփադ առանց մատնանշման, առանց որևէ հետքի, ճանապարհների համար և նպատակի, որպեսզի հետ չնայես, որպեսզի ճանապարհը լինի հարթ, նպատակը՝ անսասան, և կարողանաս այդ ամեն ինչի միջից գտնել քո իրականությունը։ Քո համար, քո կարողությամբ, մեր ուժով։
Նրանք շրջում են հայացքները ինձնից։ Ես տեսնում եմ նրանց գլուխները՝ լցված սենյակում, և նրանք կանգնած են։ Կարծես ինչ-որ հերթ լինի կամ ինչ-որ բանի սպասելուց լինեն։
Եվ ես հարցնում եմ նրանց.
— Ի՞նչ կարող եմ անել, որ ազատվեմ այս սարսափելի ճնշումից, որ կա իմ ներսում։
Ու համարյա օգնություն եմ խնդրում նրանցից։
Իսկ նրանք ասում են, ավելի ճիշտ՝ համարյա գոռում են և բերանները սարսափելի մեծ բացում են՝ ասելով.
— Այն, ինչ դու ցանկանում ես՝ մենք չենք ցանկանում։ Այն, ինչ դու երազում ես՝ մենք չենք երազում։ Դու ճանապարհների մեջ մոլորված ես։ Բայց ուղին տանում է դեպի մոլորություն, ապակեպատ դահլիճի մեջ։ Փորձիր կողմնորոշվել և գտնել ճիշտ դուռը տարածության մեջ։ Քայլիր դեպի լեռները։ Նավարկիր այն գետով, որ տանում է դեպի այդ լեռները։ Դու ինչ-որ մեկի հետ ես։ Տարոյի այն քարտը, որ տանում է դեպի նավարկման...
Ո՞ւր ես դու, ինչո՞ւ։
Կապողունակության մեջ դու չես կարողանում, կարողանա՜լ, կարողանա՞լ, կարողանա՛լ...
Եվ նրանք փակում են իրենց բերանները և շարունակում իրենց գործը։
— Ո՞վ եք դուք, — հարցնում եմ։
— Մենք քեզ ասեցինք, թե ով ենք մենք, — պատասխանում են։
— Կարո՞ղ եք ինձ հետ քայլել, — ասում եմ։ — Կարո՞ղ եք դառնալ իմ մի մասը։
— Մենք քո մի մասն ենք, — ասում են։ — Մենք քո հետ քայլել չենք կարող։ Մենք կանգնած ենք։
— Ի՞նչ խորհուրդ կտաս, — ասում եմ։ — Ի՞նչ խորհուրդ կտաք, որ կարողանամ ավելի լավ քայլել։
— Դու տեսնո՞ւմ ես գոլորշին, — ասում են։ — Գոլորշին, որ դուրս է ելնում գնացքի շարժիչից։ Դու տեսնո՞ւմ ես այդ գնացքը, որ շարժվում է։ Այդ գոլորշին, որ բարձրանում է վեր։
— Ես տեսնում եմ, — պատասխանում եմ։
— Այդ գոլորշին է, որ ամպ է դառնում, — ասում են։ — Էս ամպը ձև ունի, բայց անձև է, երկնային բոլոր մարմինների նման։ Երկնքում շարժվող, անձև, բայց սիրահար։ Անձև, բայց երկնային։ Անձրև, բայց կարողունակ։ Անձրև, ինչպես հոգիդ։ Անձրև, ինչպես պարտականությունը։
Ամպը դեռ շարժվում է երկնքով։
Ես տեսնում եմ տղամարդկանց գլուխները՝ խիտ կանգնած այս սենյակում։
Ես հեռանում եմ նրանցից կամաց-կամաց և հայտնվում եմ իմ՝ Երևանի սենյակում, որը իրականում Բեռլինում է։