Մտքերս շատ են ու խառը, ու նաև հիվանդ եմ։ Վերջին մի քանի օր շատ դժվար էր, որովհետև ինչ-որ մի քանի օր առաջ օրագրումս գրել էի, իրականում համարյա նույն ձև խոսացի Մարիամի հետ, ու ինձ թվում է շատ կոնֆլիկտային էր, ու նաև ինքն էր կոպիտ, ու նաև ես էի կոպիտ։ Բայց էս ամեն ինչը ինձ թվում է գալիս է նրանից, որ Մերին իմ հետ խոսալուց ասեց, որ ես չպետք է կասկածեմ նրա վրա, ինչ որ զգում եմ։ Սա իմ համար շատ տարօրինակ զգացում է, որովհետև չկասկածել նրա վրա, ինչ զգում եմ, նշանակում է հետևել իմ զգացմունքներին, որը նշանակում է հետևել նաև ավելի ծայրահեղ լինելուն։ Հնարավոր է, որ սա ուղղակի Մերիի ասածի վերամեկնաբանությունն է իմ կողմից։ Բայց նաև Մերին ասում էր, որ չպետք է կասկածես իրականության վրա ու, եթե էդպես ես զգացել, ուրեմն հենց էդպես էլ կա, չպետք է ուրիշի մանիպուլյացիաներով ու զգացմունքայնության պատճառով փոխես վերաբերմունքդ իրականության վերաբերյալ։ Ու որ հարաբերություններ կան՝ շահագործում են։ Չպետք է թողնել, որ շահագործվես։ Դժվարանում եմ ասել՝ առաջինը հիվանդ էի ավելի, թե էս զգացմունքներս էին ավելի սրված, բայց ամեն դեպքում հիմա շատ ավելի հիվանդ եմ, ու միտքս անընդհատ ավելի ու ավելի ճգնաժամային է մտածում։ Փորձում եմ ուրիշ բաներով զբաղվել, որ մտքիս լարվածությունը թուլանա, բայց շատ դժվար է։ Անընդհատ նույն բաներն եմ մտածում ու անընդհատ էդ մտքերը ինձ հանգիստ չեն տալիս։ Հիմա մտածում եմ, գուցե հենց դրա պատճառով է, որ ոչ մեկի հետ նորմալ հարաբերություններ չեմ կարողանում կառուցել։ Հետո փոշմանում եմ մի քիչ անցյալից համար։ Հետո փոշմանում եմ, որ մենակ եմ, ավելի ճիշտ՝ տխրում եմ, որ մենակ եմ։ Ու տխրում եմ, որ շատ քիչ հարաբերություններից է, որ բավարարվածություն է գալիս իմ կյանք, եթե նույնիսկ գալիս է ինչ-որ կերպ։ Ու ինքնամեղադրանքից էն կողմ դժվարանում եմ ինչ-որ օբյեկտիվ պատճառ գտնել։ Նաև դժվարանում եմ հասկանալ, թե ինչից է ու ոնց կարող եմ փոխել, եթե ընդհանրապես կարող եմ փոխել։ Մենակությունը էնքան դժվար է ու հիմնականում շատ դժվար է առանց ինչ-որ մեկի դիպչել ու ապրելը։ Ու էս հոգեվիճակը մի կողմից շատ իզոլացնող ու թակարդային է, բայց մյուս կողմից էնքան աննյութական է, որը, իհարկե, բացատրել կարողանում եմ, բայց շոշափել ու կոտրել չեմ կարողանում։ Հիմա պատկերացնում եմ, որ շրջապատված եմ ինչ-որ անտեսանելի ցանցով, որ ցույց է տալիս իրականությունը, բայց հենց փորձում եմ իրականությանը դիպչել, էդ ցանցը չի թողնում։ 2 օրից գնում եմ թիմի հանդիպման ու հույս ունեմ կցրվեմ։ Էն օրը մտածում էի, որ... դժվարանում եմ ասել, բայց մտածում էի, որ երևի ինձ միակ սիրողները իմ գործատուներն ու կոլեգաներն են։