Փլեյլիսթերումս գտնում եմ Յութուբի մի հին փլեյլիսթ, որի անունը 2017 է։ 2017-ի երգերն են, երբ Երևանում էի ապրում՝ Արամի ու Նաիրիի հետ։ Ինչքա՞ն ժամանակ է անցել. համարյա տասը տարի։ Բայց ես կարծես դեռ հետ ու առաջ եմ անում այս ժամանակների մեջ։

Ուզում եմ գնալ այդ ժամանակներ, բայց ուզում եմ նաև մնալ ու ապրել հիմա։ Արամի ըմբոստությունն եմ հիշում, իր սերը, բայց նաև նյարդային վանումը։ Հիշում եմ Նաիրիի թեթևությունը, մակերեսայնությունը, բայց նաև խորը վստահությունը։ Հետո գալիս եմ ու նայում ներկայիս. Մորիցին եմ հիշում ու անհասկանալի զգացումներ են գալիս ներսս։

Մոտիկության ու վանողականության մեջ տատանվելով՝ փորձում եմ հասկանալ, թե ինչ է մեր մեջ ստացվում։ Հետո մտածում եմ, որ գուցե շատ միամիտ եմ ու առաջին հանդիպումից հետո արդեն ենթադրություններ եմ անում։ Բայց ինչու՞ չանեմ, եթե զգում եմ։ Զգում եմ վստահություն, զգում եմ կապվածություն, զգում եմ անհասկանալի ճնշում ներսիցս, որ նույն ճնշումն է, երբ առաջանում է, երբ մարդիկ շատ մոտ են ինձ գալիս։ Բայց նաև ավելի թեթևություն եմ զգում։ Մարիամն ասում է՝ կորցնելու բան չունես։ Ինձ թվում է կարող եմ հավատս կորցրել, բայց նաև՝ արդյոք ես այդ հավատը վաղուց չեմ կորցրել։

Հետո փախնում եմ զգացմունքներից, բայց նորից վերադառնում։ Պետք է ուղղակի բաց լինել ու բաց նայեմ ամեն ինչին։ Այն ինչ կա՝ կա։ Այն ինչպես կլինեմ՝ կլինեմ։ Այն ինչպես ամեն ինչ կշարունակվի՝ կշարունակվի։

Հիշում եմ բարում, երբ շատ խմած էի՝ մի տղա ասեց՝ trust the process։ Բայց ես ահավոր չէի վստահում պրոցեսին։ Բայց ինքը ստացավ իր շոթը, իսկ ես չէ, ու ես մտածում էի՝ խնդալու ա, որ ինը ստացավ, իսկ ես չէի։ Trust the process.

Ամեն դեպքում, ուզում եմ շնորհակալ լինել այն ամեն ինչի համար ինչ ունեմ, գիտեմ, որ գուցե այսքան հիանալի ժամանակներ այլևս չլինեն։ Միջին Արևելքը վառվում է, ծնողներս ծերանում են, ամեն ինչ գնում է դեպի կործանում։