Ո՞րն է այն զգացմունքը, որ լցնում է օրերը, ժամանակները, լցնում է բոլոր հոգեկանի անկյունները։ Ո՞րն է այն զգացմունքը, որ ջերմացնում է հոգին ու ստեղծում տարածություն՝ գոյության ու կենդանության։ Ո՞րն է այն զգացմունքը որ հուսահատությունը փոխակերպում է հույսի ու տարածվում ամեն առարկայի ու գործողության վրա։ Ո՞րն է այն ուժը, որ շարժում է մեզ այս հուսահատ տարածության մեջ, որ մեզ օգնում է քայլ անել և չմեռնել՝ ինքնասպանության մտքերի մեջ։

Ո՞րն է այն զգացումը, որ դեռ ապրեցնում է։ Այդ զգացումը տեսնված լինելն է ինձ համար։

Մտածում եմ, թե գուցե կարողանամ մի օր ավելի լավ գրել։ Ավելի ճիշտ, ոչ թե կարողանամ, այլ՝ գրեմ։ Ուզում եմ ուշադրությունս վերականգնեմ, կուզեի ավելի հեռանամ օնլայն տարածքներից, գտնեի իմ խաղաղությունը ոաւ ընդունումը, գտնեի իմ կյանքի միապաղաղությունը ու հաշտվեի կյանքիս ձանձրույթի հետ։

Հոգու հաշտությամբ կարողանայի գիտակցությամբ թափանցել իմ հոգեկանի բոլոր անկյունները, այնտեղ տեսնեի բոլոր իմ հրեշներին ու նրանց հետ կարողանայի խոսել։ Հետո տեսնեի ուրիշների ներսի հրեշներին ու նրանց հետ կարողանայի խոսել։ Կարողանայի խոսել, կարողանայի հաշտվել, ու լույսը ձգվեր ամբողջ տարածության վրա, տիեզերքի վրա. գիտակցության ամեն մի քարը լուսավորվեր։