Կամքի մանիֆեստացիա։ Այսօր ասեց Մերին, երբ խոսում էինք իրականության ու իմ զգացումների մասին։ Նա ասում էր, որ ես կարողացել եմ իմ կամքը ուղղել վերասահմանելու ինքս ինձ։ Եվ ասում է, որ պետք է ինքս ինձ թույլ տամ շարունակելու և ինքնանույնականանալու կամ որ նույնն է, ասելու, թե ես եմ ինքս ինձ սահմանում այլ ոչ թե իմ անցյալը։ Շատ հետաքրքրիր ու գրավիչ է, բայց դժվար։
Երազում Երրորդ մասից դեպի դպրոց գնալու ճանապարհին եմ, այն պահին որտեղ կամուրջի կողքի ճանապարհը տանում է դեպի երկաթուղու գծերի մոտ։ Երկաթուղու գծերը շատ հաճախ սահմանել են իմ ճանապարհի մի մասը։ Այդտեղ ես եմ ու ինչ-որ մեկը ինձ հետ։ Ինձ թվում է պապան։ Ու չնայած այդտեղ կայարան չկա, սպասում ենք գնացքին, ու գնացքը անցնում է ու մի քիչ հեռու կանգ առնում։ Ես ու պապան վազում ենք, կամ մենակ ես եմ վազում, պարզ չեմ հիշում։ Բայց մտածում եմ գնացքը կանգնեց, որովհետև պապան երկաթուղում է աշխատում։ Գնացքում լիքը մարդ կա, գնացքը մի քանի հարկանի է, մարդիկ լիքն են բայց մեզ շատ տեղ կա դեռ, գնում ենք ծայրում նստում ամեն ինչ մուգ կապույտ է թվում։ Ինչ-որ մեկի հետ եմ։ Գնում ենք ինչ-որ շատ երկար ու ուղիղ երկաթուղով ու հասնում ենք ինչ-որ կանգառի։ Կամ նստում ենք այդ կանգառից, վստահ չեմ։ Բայց այդտեղ կանաչ է, լեռներ են ու մյուս կողմում սարը իջնում է ու փոքր բաց կապույտ կամուրջ կա։ Հիշում եմ՝ այդ կամուրջի տակ եմ։ Ո՞ւր եմ գնում։ Գնում եմ ինչ-որ տեղ։ Հետո բաժանվում ենք։ Հետո երազում ինչ-որ բաներ են լինում։ Ինձ թվում է վերադառնում եմ, բայց ո՞ւր, ինձ թվում է անվտանգ եմ զգում։ Իսկ երկաթուղին ձգվո՜ւմ է, ձգվում։