Պատճառը լավ չեմ հասկանում, բայց ամենաերջանիկ օրերից մեկը այն էր, երբ Լուսը, Սաշկան ու ես գնացել էինք Վանաձորի կողքի մի գյուղ՝ Քարաձոր։ Լիքը անհանգիստ բաներ էլ եղան, բայց ամեն դեպքում, շատ երջանիկ օր ա թվում։ Ինչի՞։ Չգիտեմ։ Այսինքն կարամ խորանամ պատճառների մեջ և այլն, բայց մի տեսակ զգում եմ, որ պատճառները հատիկ-հատիկ ասելը չի բացատրի, թե ինչքան էր էդ օրը լավը։

Հիմա նայում էի նկարները ու տեսա, որ երկու օր ենք եղել Քարաձորում։ Դրանցից ո՞րն էր երջանիկ օրը։ Երևի երկրորդը։

Հետո նայում եմ մյուս նկարներին ու ինձ թվում է, թե այն ժամանակ ավելի իմաստալից էր կյանքս։ Որովհետև շուրջս մարդիկ կային, ում կարևորում էի, շուրջս մարդիկ կային, ում համար ես էի կարևոր։ Ու ամեն ինչ փորձում էի նկարել, փորձում էի լավագույն օրերը նկարել ու պահպանել՝ ալբոմ-ալբոմ։ Իսկ հիմա ի՞նչ եմ անում. տարին մեկ անգամ հազիվ ինչ-որ նկար նկարեմ։

Ուզում եմ մահացած ճնճղուկը ձեռքիս մեջ կենդանություն առնի։ Բայց այն հեռանում է, հեռանում է, հեռանում է։ Ճնճղուկը հողի վրա, հեռանում է, հեռանում է, հեռանում է։ Ուզում եմ բացես այդ ալբոմը ճնճղուկի նկարներով։ Բայց ալբոմը մի տեղում է, որը չես գտնի։ Ինչ է մնալու հետո, ինչ է մնալու հետո։