Միշտ կարելի է գտնել ինչ-որ պատճառ ու գրառում չկատարել։ Միշտ կարելի է մի պատճառ գտնել ու խուսափել օրվա մասին մտածելուց։ Բայց միշտ ինչ-որ բան ներսիցս ընդդիմանում է այս խուսափմանը։ Միշտ կարելի է տարվել ինչ-որ բանով ու մոռանալ ինչ եմ ինքս ինձ խոստացել։ Բայց ոչ այս անգամ։

Ես նկատում եմ, որ օրերի ընթացքի հետ նվազում են իմ մտավոր ու սոցիալական կարողությունները։ Նկատում եմ, թե ինչպես եմ հետզհետե ընկնում դեպի հատակը։ Օրեր են լինում շատ ծանր եմ արթնանում, օրեր են լինում, որ ինձ պատեպատ եմ տալիս։ Բայց լինում են նաև լուսավոր օրեր։ Ես գրում եմ այդ լուսավոր օրերի հույսով։

Ուզում եմ խորը տեսնել այն բոլոր պատճառները, թե ինչու եմ ես այսքան զգացմունքորեն մեկուսացված մարդ դարձել։ Նույնիսկ երբ ցանկանում եմ, չեմ կարողանում արտահայտել ոչինչ։ Կամ ավելի ճիշտ, երբ արտահայտում եմ, ինձ թվում է, թե իմ արտահայտածը իրականում այն չէ, ինչ զգում եմ։ Այլ կեղծ է կամ այլասերված։ Փորձում եմ գտնել պատճառները, փորձում եմ ուղղվել, փորձում եմ հակառակվել կամ ընդունել։ Բայց միշտ ձախողվում եմ։

Մտածում եմ, որ գուցե լուծում կա։ Մի քիչ կաշխատեմ, կփորձեմ ու մի օր ավելի լավ կլինի։ Բայց հեզհետե հույսս կորցնում եմ։ Գիտես, երբ ասում եմ հույսս կորցնում եմ, ինձ թվում է մտածում եմ մենակ չմնալու ու էմոցիոնալ կապ զգալու հույսի մասին։ Ես դարձել եմ մի բթացած հրթիռ, որ այլևս չի կարողանում նավարկել։

Երբ կարդում եմ նախկին օրագիրս, արցունքները թափվում են աչքերիցս։ Ինչպես ամեն ինչ անցավ։ Ինչպե՞ս զգացի ամենը ու ինչպե՞ս վերապրեցի։

Հոգեբանս ասեց, որ լավ կլինի մտածեմ, թե ինչու եմ զգում, թե հեռանում եմ իրականությունից և թե ինչու իմ մտքերին կողքից նայելը, հատկապես, երբ գերակշռում են բացասական մտքերը, մեծացնում է իրականության ու իմ միջև եղած ճեղքը։ Հիմա, երբ գրում եմ այս ամեն ինչը մի տեսակ նաև շատ դժվար միտք է թվում։ Ինչո՞ւ եմ այդպես կարծել։

Ընդհանրապես, իրականությունից հետզհետե հեռանալը վաղուց սկսված երևույթ է ինձ մոտ։ Աշխատանքը, սոցիալական ֆոբիաները, էմոցիոնալ անկարողությունը, տագնապները, օտարությունը, խնդիրներից խուսափելու սուպերկարողությունը հետզհետե՝ քայլ առ քայլ հեռացրել են ինձ իրականությունից։ Օրեր են լինում, երբ միտքս մշուշոտ է այնքան, որ չեմ նկատում որտեղ եմ։ Իսկ ես այնքան եմ նույնացած իմ բացասական մտքերի հետ, որ երբ նրանց դրսից եմ նայում, ինձ թվում է, թե ես ոչ մեկ եմ։

Ահա մի բացասական միտք ձախողման մասին, ահա մյուսը՝ անկարողության, իսկ մյուսը ինքնամեղադրանքի մասին։

Բայց պետք է դադար առնել ու իմ վիճակները դիտարկել հեռավորթյունից։ Չէ՞ որ ես դիտորդն եմ` Ուաթուն։